Երկու հավանած առակներ

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ – ԱՌՅՈԻԾԸ,
ԱՂՎԵՍԸ ԵՎ ԱՐՋԸ

Առյուծը հիվանդացավ և բոլոր կենդանիները եկան նրան տեսության, միայն աղվեսն ուշացավ։ Արջը չարախոսեց նրան, և աղվեսը դռնամտից լսեց և, ներս ընկնելով, թավալվեց առյուծի առաջ։

Առյուծն ասաց աղվեսին.

– Բարի ժամի չեկար, գարշելի, ասա ինձ, ինչո՞ւ ուշացար։

Աղվեսն ասաց.

– Մի՛ բարկանար, բարի թագավոր, երդվում եմ քո գլխով, որ քո առողջության համար այցելեցի շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեցի, բայց իմացա դեղը քո բժշկության։

Եվ առյուծն ասաց.

– Բարի եկար, իմաստուն կենդանի, ի՞նչն է այդ դեղը։

Աղվեսն ասաց.

– Խիստ պիտանի է և դյուրին. բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծի վրա, իսկույն մորթին ցավը կհանի հիվանդից։

Առյուծը հրամայեց, արջին բռնեցին և սկսեցին հանել մորթին։ Իսկ նա վայում էր և արձակում մեծամեծ ոռնոց։ Եվ աղվեսն ասաց.

– Այդ ամենը քեզ և նրան, ով արքունիք մտնելով, կչարախոսի մեկին։

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ
ԱՂՎԵՍԸ ԵՎ ԹՂԹԱՏԱՐ ԳԱՅԼԸ

Աղվեսը մի գրած թուղթ գտավ, տարավ գայլին և ասաց.

– Այսչափ ժամանակ աշխատեցի և բարեխոս մարդիկ մեջ գցեցի և իշխանից քեզ համար թուղթ հանեցի, որ ամեն գյուղ՝ ուր հանդիպես, քեզ պիտի տա մի ոչխար։

Եվ այդպես խաբեց գայլին, և միասին գնացին մի գյուղ, և աղվեսը նստեց բլուրի վրա և թուղթը տվեց գայլին։ Երբ գայլը գյուղի մեջ մտավ, վրա թափվեցին շները և մարդիկ, նրան գզեցին և գանահարեցին։ Եվ արյունաթաթավ գայլը հազիվ ազատվելով՝ հասավ աղվեսին։

Եվ աղվեսն ասաց։

– Ինչո՞ւ թուղթը ցույց չտվիր:

Եվ գայլն ասաց.

– Ցույց տվի, բայց գյուղում հազար շուն կար, որ գիր չգիտեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *