Հրազդանի կիրճը և Մեծ կամուրջը Երևանում

Հրազդանի կիրճը և Մեծ կամուրջը Երևանում

Հրազդանի կամրջի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Ընդհանուր երկարությունը 335 մետր է, իսկ բարձրությունը ՝ 60,5 մետր:

Դեռևս հին քարի դարից սկսած գետի ափերը բնակեցված են եղել (Արզնի, Երևանյան քարայրեր և այլն): Ուրարտական ժամանակներում և միջնադարում Հրազդանից անցկացվել են մի քանի ջրանցքներ՝ Ռուսայի (թունելով), Դալմայի, Աբուհայաթի և այլն: Հրազդան գետի կիրճում են կառուցվել ուրարտական Թեյշեբաինի (Կարմիր բլուր) ամրոցը, Ս. Աստվածածին եկեղեցին (XI դ., Բջնի):

Կիրճում կառուցված կարկառուն բերդերից է Պահլավունիների հիմնած Բջնի բերդը (10-11-րդ դար), որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բերդը երեք կողմից պաշտպանված է վերձիգ ժայռերով իսկ դեպի Հրազդան գետը՝  բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է։ Բջնի բերդի տիրակալն էր Վասակ Պահլավունին:

Տեղեկություն հանրագիտարանից:
Հրազդանը (ուրարտերեն՝ Իլդարունի) կամ Զանգուն Արաքսի ձախ վտակն է: Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք: Երկարությունը 141 կմ է, ջրհավաք ավազանը՝ 2560 կմ2 (առանց Սևանա լճի): Արաքս է թափվում ծովի մակերևույթից 820 մ բարձրության վրա: Վերին հոսանքում առաջացնում է գալարներ, հովիտն ունի 10–11 կմ լայնություն: Միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120–150 մ) կիրճով և հերթափոխվում V-աձև ձորերով ու գոգավորություններով: Կան դարավանդներ (3–4), սողանքներ, կիրճի ուղղաձիգ լանջերին՝ բազալտային սյունաձև մերկացումներ (Արզնի, Երևան), հովտում՝ Հրազդան, Արզնի բնակավայրերի մոտ՝ աղբյուրներ, որոնք օգտագործվում են Երևանի ջրամատակարարման համար, և հանքային ջրեր («Արզնի», «Բջնի»): Ստորին հոսանքում հովիտն աստիճանաբար լայնանում է և դուրս գալիս Արարատյան դաշտ: Գետի ընդհանուր անկումը մոտ 1100 մ է: Համակարգում կան 340 գետակներ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն, 3-ը՝ մինչև 50 կմ: Խոշոր վտակներն են Մարմարիկը, Ծաղկաձորը, Դալարը, Արայի գետը, Գետառը: Սնումը հիմնականում ստորգետնյա (51%) և հալոցքային (37%) է, վարարումը՝ գարնանը, հորդացումները` ամռանն ու աշնանը: Տարեկան միջին ծախսը 13,9 մ3/վ է (Արզնի), առավելագույնը՝ 138 մ3/վ, նվազագույնը՝ 9 մ3/վ, հոսքը՝ 712 մլն մ3 (Մասիս քաղաքի մոտ):
Սևան-Հրազդան կասկադի կառուցումից (1962 թ.) հետո (լճի ջրի դարավոր պաշարների օգտագործման հաշվին) գետի տարեկան միջին ծախսն ակունքում կազմել է 44,5 մ3/վ, սակայն Սևանա լճի մակարդակի իջեցումը կանխելու նպատակով այն պակասեցվել է: 
Հրազդան գետի վրա գործում են Սևանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ջրէկները: Ջրերն օգտագործվում են 17 ոռոգիչ ջրանցքներով, որոնք սկիզբ են առնում կասկադի ջրէկներից և գետի ստորին հոսանքից: 
Հրազդանի ափին են Սևան, Հրազդան, Չարենցավան, Լուսակերտ, Երևան քաղաքները, Արզնի առողջարանը: Հովտում ստեղծվել է հանգստի գոտի: Հրազդանի վրա են Հաղթանակի (1945 թ.), Հրազդանի Մեծ (1956 թ.), Նուռնուսի (1981 թ.), Դավթաշենի (2000 թ.) կամուրջները:
Գետի վրա կառուցված կամուրջներից հնագույնը Կարմիր կամուրջն է (1679 թ., Երևան):
Գետի ափերը բնակեցված են եղել դեռևս հին քարի դարից սկսած (Արզնի, Երևանյան քարայրեր և այլն): Ուրարտական ժամանակներում և միջնադարում Հրազդանից անցկացվել են մի քանի ջրանցքներ՝ Ռուսայի (թունելով), Դալմայի, Աբուհայաթի և այլն: Ափերին են կառուցվել ուրարտական Թեյշեբաինի (Կարմիր բլուր) և Պահլավունիների ամրոցները, Ս. Աստվածածին եկեղեցին (XI դ., Բջնի):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *